Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Ադրբեջանի նամակը Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ և պատասխանել դրան։ Հայաստանը պատասխան նամակում հերքել է Ադրբեջանի մեղադրանքները, թե գործարանը կառուցվում է բնապահպանական նորմերի խախտումներով և իր հերթին պահանջել, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը, Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է Երասխում մետաղաձուլարանի գործարանի կառուցման ընթացքում Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի դրույթները չպահպանելու մեջ:
«Մենք պատասխանել ենք մեղադրանքին ու նշել, թե գործարանն ինչ չափորոշիչներով է գործելու: Գործարանը չի կառուցվում որևէ խախտմամբ։ Հայաստանը պահանջում է, որ Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ կրակելով շինհրապարակի ուղղությամբ, քանի որ դրա հետևանքով վնաս է հասցվել աշխատակիցներին, նյութական կորուստներ կան: Այդ վարքագիծը կոպտորեն խախտում է հենց նրանց մատնանշած Կոնվենցիայի հոդվածներից որոշները, իսկ Հայաստանը հավատարիմ է միջազգային ստանձնած բոլոր պարտավորություններին»,-նշեց նա:
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակը հավելեց, որ նամակի բովանդակությունը Կոնվենցիայի շրջանակում է և հենց այդ Կոնվենցիայի շրջանակում էլ պատասխանել են նամակին:
Շրջակա միջավայրի նախարարությունից տրամադրել են նախարար Հակոբ Սիմիդյանի պատասխան նամակը, որը ներկայացնում ենք ստորև․
«Ի պատասխան ձեր՝ 2023թ․ հուլիսի 7-ի գրության, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվող մետալուրգիական գործարանի՝ Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին Կոնվենցիայի (Էսպո) ներքո «անդրսահմանային վնասակար ազդեցության վերաբերյալ արդյունավետ խորհրդակցությունների անցկացումն ապահովելու նպատակով բավարար տեղեկատվության փոխանակման»՝ Հայաստանին ուղղված դիմումի վերաբերյալ հայտնում եմ, որ՝
Հայաստանը չի համարում, որ Էսպո Կոնվենցիայի 3 (1) համաձայն պարտավոր է Ադրբեջանին ծանուցել, կամ նույն Կոնվենցիայի 3 (7) հոդվածի համաձայն Ադրբեջանի հետ տեղեկատվության փոխանակում իրականացնել նախատեսվող գործունեության վերաբերյալ։
3 (1) հոդվածը պահանջում է, որպեսզի նախատեսվող գործունեության վերաբերյալ ծագման Կողմը, ծանուցի այն Կողմին, որն իր կարծիքով կարող է ազդեցության ենթարկված Կողմ հանդիսանալ, միայն երկու պայմանների առկայության դեպքում՝ (i) նախատեսվող գործունեությունը նշված է Կոնվենցիայի Հավելված I-ում, և (ii) այն «զգալի անդրսահմանային վնասակար ազդեցություն ունեցող գործունեություն է»։ Պայմաններից որևէ մեկն առկա չէ։
Նախատեսվող գործունեությունը՝ փոքր ծավալների սև մետաղի ջարդոնի վերամշակում է բացառապես էլեկտրականությամբ աշխատող ինդուկցիոն վառարանի կիրառմամբ, ինչը չի հանդիսանում Կոնվենցիայի Հավելված I-ում նշված գործունեության տեսակ։
Ինքը Ադրբեջանը չի պարզաբանել, թե Հավելված I-ի որ կետին է առնչվում նախատեսվող գործունեությունը։ Համապատասխանաբար, Կոնվենցիայի 3 (7) գործընթացը, ինչի վրա հղում է կատարում Ադրբեջանը և որը կիրառելի է այն դեպքերի համար, երբ Կոնվենցիայի 3 (1) հոդվածի համապատասխան ծանուցում չի իրականացվել, չի վերաբերվում Հայաստանում նախատեսվող գործունեության տեսակին։
Ավելին, ի պատասխան Ադրբեջանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարի 2023թ․ հունիսի 7-ի հայտարարության, որտեղ նշվում էր, որ Երասխի գործարանի շահագործումը բացասական ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը հստակ նշել է, որ գործարանը կառուցվում է բոլոր բնապահպանական ստանդարտներին և պահանջներին համապատասխան։ Դրա վերաբերյալ հավաստիացումներ են տրվել նաև գործարանի սեփականատեր հանդիսացող «GTB Steel» LLC ընկերության կողմից, որտեղ նշվել է, որ կներդրվեն ժամանակակից տեխնոլոգիաներ՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր բոլոր բացասական ազդեցությունները բացառելու նպատակով։
Հետևաբար, գործարանի «շինարարական աշխատանքներն անհապաղ դադարեցնելու» վերաբերյալ Ադրբեջանի պահանջի համար Էսպո Կոնվենցիայի համապատասխան որևէ հիմք առկա չէ։
Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանը պահանջում է, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ կրակակոծելով շինհրապարակի ուղղությամբ։ Ադրբեջանի գործողությունները ծանր վնասվածք են հասցրել երկու անմեղ աշխատակցի, ինչպես նաև զգալի նյութական կորուստներ պատճառել։ Ադրբեջանի վարքագիծը կոպտորեն խախտում է Էսպո Կոնվենցիայի 15 Հոդվածով ամրագրված պարտավորությունը, այն է՝ «Կողմերի միջև ծագած վեճի դեպքում, Կողմերը ձգտում են այն կարգավորել բանակցությունների միջոցով կամ ցանկացած այլ եղանակով` իրենց հայեցողությամբ:
Հայաստանը պահպանում է միջազգային իրավունքով նախատեսված իր բոլոր իրավունքները»։
Երասխում կառուցվում է հայ-ամերիկյան մետաղի ձուլման խոշոր գործարան՝ 70 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրմամբ։ Ադրբեջանը պարբերաբար թիրախավորում, գնդակոծում է գործարանի տարածքը՝ խոչընդոտելով շինարարական աշխատանքները: Գործարանի սեփականատեր ամերիկյան «ՎԻՐՏՈՒԱԼ ՖՈՆԴԻՆԳ» և «ՍԻԷՍԻ ԳԼՈԲԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊ ընկերությունները Ադրբեջանի կողմից գնդակոծությունների վերաբերյալ տարածած հայտարարությունում ընդգծել էին, որ անզեն բանվորերի ուղղությամբ կրկին կրակահերթ արձակելու պարագայում ընկերությունները դա կդիտեն ուղիղ հարված ամերիկյան կապիտալի ուղղությամբ, որը ոչ թե բնապահպանական շարժառիթ ունի, այլ զուտ քաղաքական որոշում է: Գործարանի տարածքում նաև բարձրացվել էին Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը